Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունն ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ապացույցներ Սան Ֆրանցիսկոյում
Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի ևԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:
Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով:
Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:
Եկեղեցում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հարձակումները և ներկայացրին հարձակումների իրենց հայտնի մանրամասները:
Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:
Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։
Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ»:
Կարծիքներ