Կոմունիկացների բացման կողմնակից ենք. Քոչարյանն անդրադարձավ Մեղրին հանձնելու, միջանցքի մասին խոսակցություններին

Կոմունիկացների բացման կողմնակից ենք. Քոչարյանն անդրադարձավ Մեղրին հանձնելու, միջանցքի մասին խոսակցություններին

«Հայաստան» դաշինքը կողմ է, որ տարածաշրջանում կոմունիկացները բացվեն, սակայն կտրականապես դեմ է «միջանցքի» տրամաբանությանը: Այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քաղաքացիների հետ հանդիպմանը, որտեղ էլ տրվում է դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

Ելույթի ընթացքում, ի թիվս տարաբնույթ այլ հարցերի, Քոչարյանը ևս մեկ հարց բարձրացրեց. «Հասկանում եմ, որ բոլորիդ մտքում անընդհատ պետք է պտտվի, պետք է ասեք՝ սա այն Քոչարյանը չէ՞, որ 15 տարի է Մեղրին հանձնում է- հանձնում է, այդպես էլ չհանձնեց»:

Նա իր կողմից Մեղրին հանձնելու մտադրության վերաբերյալ խոսակցությունները համարեց հակաքարոզչություն՝ հորդորելով չհավատալ բացարձակ ստերի, հայրենիքի հող հանձնելու մեջ մեղադրելով գործող իշխանությանը: «Հիմա ինձ մեղադրողները քննարկում են Մեղրիի միջանցքի հարց»,-ասաց նա:

Անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ Քոչարյանն ասաց. «Դաշինքը, մենք, այո, կոմունիկացիների բացման կողմնակից ենք: Եվ նորմալ չէ, եթե ասենք, որ դեմ ենք, որ երկաթուղին աշխատի, ճանապարհներն աշխատեն. իհարկե կողմ ենք: Բայց ինձ շատ է մտահոգում այդ միջանցք բառը, որովհետև ես գիտեմ, թե Ադրբեջանն ինչ է հասկանում այդ «միջանցքի» տակ, ես գիտեմ, թե Թուրքիան ինչ է պատկերացնում «միջանցքի» տակ»:

Ըստ Քոչարյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի պատկերացմամբ՝ դա նշանակելու է ՀՀ սուվերենության որոշակի սահմանափակում՝ այդ միջանցքի վրա և իրենց ազդեցության ինչ-որ լծակների ֆիքսումը նույն այդ միջանցքների վրա: Նա դա անթույլատրելի համարեց: Այսպիսով` դաշինքը կողմ է, որ ճանապարհները բացվեն: «Բայց սրանից ոչ ավելը, քանի որ ավելին պրոբլեմային է»,-ասաց նա:

Քոչարյանը մատնանշեց հատկապես երկրի առջև ծառացած երկու խնդիր՝ անվտանգային հարցերը և տնտեսական իրավիճակը: Ըստ նրա՝ երկրում տնտեսական վիճակը գահավիժում է, գործազրկությունն աճում է, այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ: 

«Սա ահազանգ է, որ մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք: Սա այն վիճակն է, երբ ձեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի հունիսի 20-ին՝ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը երկիրը հասցրել է այս վիճակի և ընտրել նրանց, որոնք ձեր կարծիքով ի վիճակի են երկիրն այս փոսից, ճգնաժամից հանել: Մենք առաջարկում ենք մեզ: Մենք դիմում ենք ձեզ և ասում, որ մենք այն ուժն ենք, այն միավորն ենք, որն ունի փորձ, գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ մեկ անգամ Ղարաբաղում, մեկ անգամ Հայաստանում, ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել: Եվ, եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու և մենք գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան»,-ասաց Քոչարյանն ու հորդորեց գնալ ընտրատեղամաս և քվեարկել 24 համարի օգտին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով քննարկումներում Հայաստանի կառավարությունը «միջանցքային տրամաբանության» որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում