Տարբեր հարթակներում կրոնական գործոնը շահարկելու Բաքվի փորձերն անընդունելի են. Միրզոյանը՝ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները շեշտել են, որ հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա՝ այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը:
«Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի երկրներում հայկական ներկայությունը քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների համակեցության լավագույն օրինակն է: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու, արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու անհիմն փորձերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կարևորվել է պարբերական կապերն ու քաղաքական երկխոսությունը Արաբական պետությունների լիգայի հարթակում և անդամ երկրների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Կարծիքներ