ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են գազի գնի վերին շեմի սահմանման հետևանքների մասին
Գազի գնի վերին շեմի սահմանման շուրջ Եվրամիության նախաձեռնությունը հակասում է շուկաների օրենքներին և կհանգեցնի դրանց դեգրադացման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Սենտյուրինը:
«Այս հարցում կարող են լինել տարբեր խելահեղ գաղափարներ, այդ միջոցները, միանշանակ, չի կարելի դասել շուկայականների շարքին: Դրանք հակաշուկայական գործիքներ են: Իմ կարծիքով, այս ամենը հանգեցնում է այնպիսի տհաճ հետևանքի, ինչպիսին շուկաների դեգրադացումն Է», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, նման նախաձեռնությունները ապակայունացնում են շուկաները, բարձրացնում անորոշության մակարդակը։ Associated Press գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Եվրոպական Միության էներգետիկայի նախարարներն այսօր ևս մեկ անգամ փորձում են հասնել բնական գազի գնի վերին շեմի սահմանման: Նախկինում տեղի ունեցած հինգ հանդիպումների ընթացքում նախարարներին չէր հաջողվել համաձայնության հասնել այս հարցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Եվրահանձնաժողովը նոյեմբերին մշակել էր գազի շուկայի շտկման ժամանակավոր մեխանիզմ՝ դրա արժեքի կտրուկ աճը զսպելու համար: Եվրահանձնաժողովն առաջարկել էր ակտիվացնել մեխանիզմը, եթե առաջիկա ամսվա TTF-ի (Title Transfer Facility) գինը գերազանցի 275 եվրոն 1 ՄՎտ/ժ-ի դիմաց, իսկ TTF-ի գները երկու շաբաթ շարունակ 10 առևտրային օր անընդմեջ պահպանվեն հեղուկացված բնական գազի բազային արժեքից 58 եվրոյով բարձր մակարդակի վրա:
Բացի այդ, առաջարկը նախատեսում է Եվրահանձնաժողովի կողմից մեխանիզմի անհապաղ կասեցման հնարավորություն, եթե առկա է վտանգ Եվրամիության գազամատակարարման անվտանգության համար։ Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ արդեն մի քանի փոփոխություն է կատարվել, մասնավորապես, ըստ Bloomberg գործակալության, Չեխիան առաջարկել է նվազեցնել վերին շեմը մինչև 220 եվրո: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսական էներգապաշարների գները սահմանափակելու Արևմուտքի գաղափարը, ասել է, որ Մոսկվան արտասահման ոչինչ չի մատակարարի, եթե դա հակասի երկրի շահերին։
Կարծիքներ