Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։
Ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն է հայտնել Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա նշել է, որ անցյալում գործած հանցագործությունների միանշանակ դատապարտման բացակայությունը, անպատժելիության մթնոլորտը ու ժխտողականությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների համար պարարտ հող են նախապատրաստում, ինչին քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ ականատես եղավ 2020-2023թթ., երբ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։
Դեսպան Պապիկյանն ընդգծել է նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի կողմից միջազգային հարթակներում գործադրվող շարունակական ջանքերը: Միջոցառմանը ներկա էին ավստրիացի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ։
Կարծիքներ