Անդրանիկ Սարգսյանը ՌԴ-ում մասնակցել է «Ինոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գիտատեխնիկական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 4-7-ը մասնակցել է «Ինոպրոմ» (ИННОПРОМ) միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսին։
Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջը:
Ցուցահանդեսի ընթացքում, որն անցկացվել է «Արդյունաբերական վերափոխում. մարտահրավերներից դեպի նոր հնարավորություններ» խորագրի ներքո, տեղի են ունեցել նստաշրջաններ, թեմատիկ քննարկումներ և ցուցադրություններ՝ մեքենաշինության, արդյունաբերության ավտոմատացման, էներգաարդյունավետության, оպտիկայի և լազերային տեխնիկայի, նանոտեխնոլոգիաների, մի շարք այլ թեմաների շուրջ:
Ներկայացվել են նաև ԵԱՏՄ գործընկերային երկրների արդյունաբերական ոլորտի զարգացմանը միտված տեխնոլոգիական փոփոխությունները, նորարական լուծումներն ու առաջնահերթությունները։
Միջոցառման շրջանակներում նախարարության ներկայացուցիչը մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։
«Ինոպրոմ» (ИННОПРОМ) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում է 2010 թվականից ի վեր։ Այն համարվում է Ռուսաստանի արդյունաբերական, առևտրային և արտահանման հիմնական հարթակը։
Կարծիքներ