Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխան են, 5–ը` մեծահասակ։ Վարակված բոլոր քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են կամ ունեն կացության քարտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկանա կարմրուկի ախտանշանների մասին և դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո դիմի բժշկի։

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից։ Հիվանդը եղել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»,–ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով` իր գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումներ։ Այդ ֆոնին որոշակի փոփոխություններ են իրականացվում նաև ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։

«Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակտների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,–ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Ըստ նրա՝ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում