Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ. Թաղավարդում գյուղը լքելու կոչեր են հնչեցվում

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ. Թաղավարդում գյուղը լքելու կոչեր են հնչեցվում

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի ոստիկանությունից՝ նշելով, որ այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Տուժածներ չկան:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: 

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։

Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։

Ականանետային հարվածների հետևանքով մեկ քաղաքացիական անձ էր վիրավորվել:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա գիշերն ու առավոտյան ընդհանուր առմամբ 23 հատ ական է արձակվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում