Թագուհի Թովմասյանը անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին. դատախազություն

Թագուհի Թովմասյանը անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխան պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, առիթ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդագրությունը՝ ֆեյսբուքյան իր էջում անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին:

Դատախազության հաղորդագրության մեջ նաև ասված է.

««Ստատուսային» ոճի մանիպուլյատիվ հնարքի օգտագործմամբ պատգամավորն այդ գրառման համար հիմք է դարձրել ուղիղ 1 տարվա վաղեմության իր հարցման վերաբերյալ տրված Դատախազության՝ այս պահին ակնհայտորեն հնացած տեղեկատվություն պարունակող պատասխանը, որը, բնականաբար, այլ բան, քան դրանից ընդամենը շուրջ 2 ամիս առաջ հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, քրեական հետապնդման հետ կապված պատկերը, չէր կարող պարունակել:

Տարօրինակ է, որ իր «ստատուսը» գրելու համար Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը առիթ դարձնող, այսինքն ՀՀ դատախազության ամենօրյա լրահոսին ուշադիր հետևող հարգելի պատգամավորի «աչքից վրիպել» է դեռևս 2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացվող մեծածավալ քննության արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գործով, ի թիվս ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված շուրջ 40 անձանց, որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Առավել մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվել՝ ելնելով իրականացվող քննության և այլ՝ խիստ կարևոր գործընթացների համար խոչընդոտներ չհարուցելու նկատառումներից:

Այդուհանդերձ, պատերազմին առնչվող քննությունների շրջանակում ՀՀ դատախազության և քննչական մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական գործունեությունը հասկանալի դարձնելու համար հարկ ենք համարում կրկին անգամ, արդեն հրապարակային, պարզաբանել հետևյալը:

Քրեական գործերի շրջանակներում անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, նրանց որպես մեղադրյալ ներգրավման որոշման կայացումը, նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը և միջազգային հետախուզում հայտարարելը որևէ կերպ չի պայմանավորվում ու չի կարող պայմանավորվել այլ երկրի իրավասու մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական ընթացակարգերի իրացման հետ, առավելևս, երբ դրանք ակնհայտ ապօրինի են և ունեն բացարձակ քաղաքական շարժառիթ և բնույթ:

ՀՀ գլխավոր դատախազության համար ի սկզբանե գերխնդիր է եղել ու շարունակում է մնալ այս քրեական գործերի շրջանակներում օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների բավարարության, լրիվության և համակցության ապահովումը՝ դրա միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործություններին անհերքելի իրավական գնահատականներ տալը, լիարժեք քրեական արդարադատության համար ամուր և անբեկանելի նախադրյալների ստեղծումը՝ ընդհուպ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով մեղավորների պատասխանատվության ենթարկելն ապահովելու համար:

ՀՀ դատախազությունը չի առաջնորդվելու զուտ Ադրբեջանին «հակադարձելու» և վերջինիս օրինակով քաղաքական հետապնդում իրականացնելու պարզունակ սկզբունքով՝ վտանգի տակ դնելով հետագայում մեղադրանքի պաշտպանության ողջ գործընթացը(այդ թվում նաև միջազգային):

Այդ նպատակով բազմադրվագ քննության շրջանակներում քննչական, օպերատիվ հետախուզական գործողություններ կատարող մարմինների կողմից՝ նաև դատախազների ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները՝ սանձազերծված և իրականացվող ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, համաձայնագրերի, մարդասիրական սովորույթային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների, Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններն անհատականացնելու, ամբողջացնելու, դրանք հիմնավորող ապացույցների բավարարությունն ապահովելու ուղղությամբ, ինչի մասին, ի դեպ, նշվել է նաև պատգամավորի հարցմանն ի պատասխան:

Որքանով է հարուցված քրեական գործը «հուժկու», ինչպես սարկազմով փորձում է որակել պատգամավորը, կամ ոչ հուժկու, յուրաքանչյուրի մեկնաբանության կամ վերաբերմունքի խնդիրն է: Սակայն առնվազն տարակուսելի է, երբ ԱԺ պատգամավորը կարող է համառորեն չնկատել, որ նման քրեական գործերի հարուցումը որքան կարևոր է կատարված հանցագործությունների բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից, նույնքան էլ կարևոր է ի սկզբանե կատարվողին տրվող իրավական գնահատականների, քրեական գործերի շրջանակներում ձեռքբերվող փաստակազմի, ապացույցների միջազգայնացման և իրավական առավել ընդգրկուն գործընթացների գեներացման հիմքերի ստեղծման տեսանկյունից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում