ԱՄՆ-ն ցանկանում է գնել «Ericsson» և «Nokia» ընկերությունները՝ «Huawei»-ի հետ մրցակցությունն ուժեղացնելու համար
ԱՄՆ իշխանությունները քննարկում են ի հեճուկս Չինաստանի՝ ամերիկյան ընկերությունների կողմից եվրոպական «Ericsson» և «Nokia» ընկերությունները ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տանը հաշվետվություն է շրջանառվում, որի հեղինակներից են ՆԱՍԱ-ի նախկին տնօրեն Դենիել Գոլդուինը և «Nokia»-ի ղեկավարության նախկին անդամ Հոսեյն Մուինը:
Փաստաթղթում խոսվում է ԱՄՆ-ի հովանու ներքո տեխնոլոգիական համընկերության ստեղծման մասին, որը կմրցի չինական Huawei-ի հետ։ Գաղափարը դրական է գնահատել Cerberus Capital-ի գլխավորությամբ մասնավոր ներդրումային ընկերությունների խումբը։
Աղբյուրը գրում է, որ Վաշինգտոնում եվրոպական ընկերություններին կարող են հարկային արտոնություններ տրամադրել, արտահանման գործողությունների համար ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն ապահովել, կամ էլ պետական աջակցություն տրամադրել «Ericsson»-ը և «Nokia»-ն գնել ցանկացող ձեռնարկություններին: Սակայն ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները զուսպ են վերաբերվում նախաձեռնությանը, քանի որ այնքան էլ շահագրգռված չեն երկրորդական ընկերությունների ձեռքբերմամբ, ինչպիսիք են՝ «Ericsson»-ը եւ «Nokia»-ն:
2019 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ամերիկյան տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքը օտարերկրյա սպառնալիքներից պաշտպանելու համար, որի հետևանքով Huawei-ն հայտնվել է սև ցուցակում:
Կարծիքներ