ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում լարվածության աճով
Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում վերջին օրերի լարվածությունը կարող է սպառնալիք հանդիսանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համաշխարհային կոալիցիայի բազմամյա պայքարի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը:
«Պաշտպանության նախարարությունը խորապես մտահոգված է Սիրիայի, Իրաքի հյուսիսում և Թուրքիայում լարվածության աճով։ Այս էսկալացիան սպառնում է «Իսլամական պետությանը» թուլացնելու և հաղթելու համաշխարհային կոալիցիայի» բազմամյա առաջընթացին: Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնացել են ԱՄՆ անձնակազմի անվտանգությանը, ովքեր Սիրիայում աշխատում են տեղի գործընկերների հետ՝ ԻՊ-ին հաղթելու և ԻՊ-ի՝ ավելի քան տասը հազար կալանավորների հսկողության տակ պահելու համար», - նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել Իրաքին հարվածների առնչությամբ:
«Չհամակարգված ռազմական գործողությունները սպառնում են Իրաքի ինքնիշխանությանը։ Հարկավոր է անհապաղ ապաէսկալացիա՝ կենտրոնացումը ԻՊ-ի ջախջախման առաքելության վրա պահելու և տեղում անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար», - գրված է հաղորդագրությունում:
Կարծիքներ