Հայաստանի հետ խաղաղության կնքումը Ալիևը ներառել է նախընտրական ծրագրում
Ադրբեջանում ընթանում է փետրվարի 7-ին նախատեսված նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որտեղ ուշագրավ են արտաքին քաղաքականության՝ 2024-2031թթ․ նպատակները, գրում է Radar Armenia-ն:
Ըստ լրատվական կայքի՝ արտաքին քաղաքականության բնագավառում Ալիևի խոստումների շարքում առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, իսկ «միջանցքի» մասին խոսք չկա:
Աղբյուրը ներկայացրել է Ալիևի խոստումները.
* Ազգային շահերի և միջազգային իրավունքի վրա հիմնված անկախ և սկզբունքային արտաքին քաղաքականության շարունակություն,
* Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում,
* Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և այն զարգացման տարածաշրջան դարձնելու ջանքերի շարունակություն,
* Ադրբեջանի ոչ կոնֆլիկտային օրակարգի ձևավորում,
* Հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդում,
* Ադրբեջանի պաշտպանությունը աշխարհաքաղաքական և հիբրիդային սպառնալիքներից,
* Միջազգային հարաբերություններում Ադրբեջանի դերի հետագա ամրապնդում, միջազգային անվտանգության ճարտարապետության ձևավորում և գլոբալ խնդիրների լուծում,
* Թյուրքական պետությունների և թյուրքական պետությունների կազմակերպության հետ կապերի հետագա ամրապնդում,
* Ռազմավարական գործընկերների և դաշնակիցների թվի ավելացում,
* Կանաչ էներգիայի ծրագրի խթանում՝ ավելացնելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի օգտագործումը և, հետագայում, նպաստելով կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին,
* Ադրբեջանի, որպես տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի, դերի հետագա ուժեղացում։
Կարծիքներ