Հունաստանը եւ Թուրքիան բանակցությունները կշարունակեն մարտին
Հունաստանի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք կրկին կհանդիպեն փետրվարի վերջին կամ մարտի սկզբին` ծովային սահմանի վեճը լուծելու ջանքերի վերսկսման համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, փոխանցում է Reuters-ը:
Քառամյա դադարից հետո Աթենքը եւ Անկարան հունվարի 25-ին վերսկսեցին հետազոտական բանակցությունները:
Միցոտակիսն ասել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն մարտի սկզբին` ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա մարտի 25-ին:
Շարունակում են խոչընդոտներ լինել, անդ թվում` այն, թե ինչ է յուրաքանչյուր կողմը պատրաստ քննարկել: Հունաստանը հայտարարում է, որ խոսքը միայն Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովում ծովային գոտիների սահմանազատման մասին է: Թուրքիան հայտարարում է, որ անհրաժեշտ է լուծել երկու կողմերի բոլոր խնդիրները, այդ թվում` օդային տարածքը եւ հունական որոշ կղզիների կարգավիճակը:
«Թուրքիան պետք է հետեւողական լինի իր պահվածքում, դա չի կարող պարզապես հնարք լինել` մարտին ԵՄ Խորհրդում քննարկումներից խուսափելու համար»,- ասել է Միցոտակիսը:
Հունաստանը, որը վերջերս ծովային համաձայնություններ էր ձեռք բերել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ, պնդում է, որ եթե երկու կողմերն էլ համաձայնության գալ չգան, ապա վեճը կտեղափոխի միջազգային դատարան:
Կարծիքներ