Չինաստանում վերջին 116 տարիների ընթացքում ռեկորդային ձյան տեղումներ են գրանցվել
Չինաստանի հյուսիս-արևելյան շրջաններում ձյան տեղումներ են գրանցվել, որոնք համարվում են ռեկորդային վերջին 116 տարիների համար։ BBC-ի փոխանցմամբ՝ Լիաոնին նահանգի մայրաքաղաք Շենյանում 51 սմ ձյուն է տեղացել՝ ամենաշատ ձյան տեղումները 1905 թվականից ի վեր։
Հարևան Ներքին Մոնղոլիայում ձնաբքից մեկ մարդ մահացել է, ավելի քան 5600 մարդ՝ տուժել։ Ներքին Մոնղոլիայում և Չինաստանի հյուսիս-արևելքում ձնաբքի վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարվել։
Լրատվամիջոցը հավելում է, որ ձյունը մեծապես ազդել է Լիաոնին նահանգի երթևեկության վրա։ Գնացքների և ավտոբուսների կայարանները փակվել են։
Իշխանությունները հայտարարել են, որ ուժեղացնում են ջանքերը մարդկանց բնակարանները տաք պահելու համար՝ ավելացնելով ածխի ներմուծումը և առավելագույնի հասցնելով էներգիայի արտադրությունը։
Չինաստանի հյուսիս-արևելքը այս տարվա սեպտեմբերին էլեկտրական հոսանքի անջատումներից ամենաշատ տուժած շրջաններից է։
Կարծիքներ