ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես մեղադրել է Իրանին՝ ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնի ենթադրյալ մահվան մեջ
Թրամփի վարչակազմն առաջին անգամ պաշտոնապես մեղադրել է Իրանին՝ ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնի ենթադրյալ մահվան մեջ՝ հրապարակավ նշելով իրանական հետախուզության երկու սպաների, որոնք, ինչպես նրանք կարծում են, պատասխանատու են նրա առեւանգման համար:
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ Լեւինսոնը Իրանում անհետացել էր խորհրդավոր հանգամանքներում, եւ չնայած ամերիկացի դիվանագետներն ու քննիչները երկար ժամանակ պնդում էին, որ կարծում են, թե նա առեւանգվել է Իրանի կառավարության գործակալների կողմից, Թրամփի կառավարման վերջին շաբաթներին արված հայտարարությունը դարձավ Թեհրանի պաշտոնական մեղադրական եզրակացությունը:
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ «իրանական ռեժիմը թույլատրել է դավադրությունը, որը հանգեցրել է Լեւինսոնի առեւանգմանը եւ տարիներ շարունակ ապատեղեկատվական արշավների միջոցով ստել է նրա անհետացման մեջ իր մասնակցության մասին, որոնք նախատեսված էին կառավարության դերը քողարկելու համար»:
Հայտարարությունն արվել է ինն ամիս անց, երբ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, թե եկել են այն եզրակացության, որ Լեւինսոնը «կարող էր մահանալ որոշ ժամանակ առաջ»:
Պաշտոնյաները լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրել՝ ապացուցելու համար, որ Լեւինսոնը մահացել է կալանքի տակ: Նրանք ասել են, որ իրենք գործում են այժմ՝ Թրամփի մեկնումից մեկ ամիս առաջ, ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով, այլ պարզապես այն բանի համար, որ վերջապես կուտակել են բավականաչափ տեղեկատվություն՝ Իրանին պաշտոնապես պատասխանատվության ենթարկելու համար: Նրանք նաեւ ասել են, որ Իրանի հետ ոչ մի համաձայնություն չի կարող ձեռք բերվել առանց այդ երկրի բանտերում պահվող ամերիկացի քաղաքացիների ազատման գործարքի:
Լեւինսոնն անհայտացել էր 2007-ի մարտի 9-ին, երբ իրանական Կիշ կղզում պետք է հանդիպեր աղբյուրի հետ: Տարիներ շարունակ ԱՄՆ պաշտոնյաները միայն ասել են, որ Լեւինսոնը անկախ էր աշխատում մասնավոր հետաքննության վրա: Բայց 2013-ին Associated Press-ի հետաքննությունը պարզել էր, որ Լեւինսոնը գործուղվել է ԿՀՎ վերլուծաբանի առաքելությամբ, որոնք իրավասու չէին նման գործողություն իրականացնել:
Ընտանիքը 2010-ի վերջին ստացել էր տեսանյութ, ինչպես նաեւ լուսանկարներ, որոնք հաստատում էին նրա ողջ լինելը: Իրանի կառավարությունը հերքել է Լեւինսոնի մասին որեւէ տեղեկության առկայությունը:
Այս տարվա սկզբին Վաշինգտոնի դաշնային դատավորը Իրանին պատասխանատու էր համարել նրա անհետացման համար՝ ասելով, որ երկիրը «միանշանակ» պատասխանատու է Լեւինսոնի «առեւանգման եւ խոշտանգումների համար»:
Կարծիքներ