Ուժգին և ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան հարյուրավոր զոհեր ու տուժածներ երկրում ու հարևան Սիրիայում

Ուժգին և ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան հարյուրավոր զոհեր ու տուժածներ երկրում ու հարևան Սիրիայում

Թուրքիայի վեց շրջաններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումներ են գրանցվել նաև հարևան Սիրիայում: Թուրքիայի շատ քաղաքներում կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ։ Զոհեր կան նաև Սիրիայում:

«Կահրամանմարաս-Պազարճիկի կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04.17-ին (ՀՀ ժամանակով՝ 5:17), այն ինտենսիվ զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես՝ Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլիուրֆայում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը։ Օջախը ընկած է 10 կիլոմետր խորության վրա։

Թուրքիայի յոթ նահանգներում զոհերի թիվը, լրատվամիջոցների տվյալներով՝ անընդհատ աճում է, ավելի քան 500մարդ վիրավոր է։ Մալաթիայում երկրաշարժի զոհ է դարձել 23 մարդ, ևս 420-ը վիրավորվել է, 140 շենք է փլուզվել։ Եվս 6 մարդ զոհվել է, 79-ը՝ վիրավորվել Դիարբեքիրում։

Շանլիուրֆա նահանգում զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 67-ը, Օսմանիեում՝ հինգ մարդ, ավերվել է 34 շինություն։

Շանլիուրֆա քաղաքում, ըստ տեղի քաղաքապետի, փլուզվել է 16 շենք, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Օսմանիյե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, մահացել է հինգ մարդ, իսկ Մալաթիայում՝ 130 շենք, երեքի դի է հայտնաբերվել։

Փլուզումներ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադիյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հայտնում է NTV-ն։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդ ուժգնությամբ:

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ երկրաշարժի պատճառով մի քանի շրջաններում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ՝ ենթադրելով միջազգային օգնության խնդրանք։

Նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ փրկարարներն արդեն սկսել են վերացնել աղետի հետևանքները։

Դաժան ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում, երկրաշարժի հետևանքով այնտեղ զոհերի թիվն արդեն հատել է 100-ի սահմանը:

Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել։

Սիրիական «Ալ-Վաթան» թերթը հայտնում է, որ Համայի Ալ-Արբաին թաղամասում մի քանի շինություններ մասնակի փլուզվել են: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները՝ տուժածներին փլատակների տակից դուրս բերելու համար։

Բացի այդ, ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, Սիրիայի Լաթաքիայի արվարձանում շենք է փլուզվել, այնտեղ կան մի քանի տուժածներ ևս։

«Քաղաքի և մերձակա որոշ բնակավայրերի բնակիչները դուրս են եկել փողոց՝ վախենալով, որ ցնցումների հետևանքով իրենց տները ևս կփլվեն»,- ասել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում