Թուրքիան պետք է հրաժարվի իր սադրիչ վարքագծից, այլապես պատժամիջոցներն անխուսափելի կլինեն․ Հունաստանի վարչապետ

Թուրքիան պետք է հրաժարվի իր սադրիչ վարքագծից, այլապես պատժամիջոցներն անխուսափելի կլինեն․ Հունաստանի վարչապետ

Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի հորատման գործունեության կապակցությամբ ԵՄ առաջնորդները այդ երկրին խիստ նախազգուշացում են ուղարկել: Այդ մասին այսօր հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է Ekathimerini-ն։

«Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն» - ասել է Միցոտակիսը՝ հավելելով, որ «եթե Թուրքիան չդադարեցնի իր սադրիչ վարքագիծը, ԵՄ-ն կպատասխանի պատժամիջոցներով»։

«Եվրոպան միասնական է, աջակցում է Հունաստանին և Կիպրոսին»,- հավելել է նա:

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները համաձայնության էին եկել Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցներն ընդլայնելու մասին որոշման շուրջ: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հանձնարարվել է նաև աշխատել մինչև 2021 թվականի մարտը Արևելյան Միջերկրական ծովի իրադրության վերաբերյալ միջազգային խորհրդաժողով հրավիրելու ուղղությամբ և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույց մշակել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն պատրաստվում է կիրառել Անկարայի կողմից ռուսական С-400- ները ձեռք բերելու պատճառով, կարող են կիրառվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ: Ակնկալվում է, որ պատժամիջոցների կիրառման մասին կհայտարարվի մոտ օրերս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում