Սյունիքի մարզում հրատապ խնդիրների լուծման նպատակով գումար է հատկացվել

Սյունիքի մարզում հրատապ խնդիրների լուծման նպատակով գումար է հատկացվել

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հերթական հատկացումն անել Սյունիքի մարզում հրատապ խնդիրների լուծման նպատակով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու հրատապությամբ։

«Ներկայացվող որոշմամբ նախատեսվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ՝ մարզի համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող հրատապ հարցեր լուծելու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս ապրիլ ամսին 500 մլն դրամ էր հատկացվել այս նպատակների համար։ Հետագայում սեպտեմբեր ամսին՝ 200 մլն դրամ, և հիմա՝ հերթական խմբաքանակը՝ 400 մլն դրամ։ Դեռ հունվարից կառավարությունը մատնանշել էր, որ առնվազն 1 մլրդ դրամ այս ուղղությամբ գումարներ կհատկացնի։ Պետք է փաստել, որ արդեն հատկացվող գումարի չափը 1,1 մլրդ դրամ է դառնում»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ այս հատկացումների շնորհիվ մարզում հրատապ հարցեր են լուծվում, օրինակ, կա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի։ Գնվել է երկու «Ուազ» մակնիշի մեքենա, որոնք արդեն կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում։ Օրինակ՝ Կապան համայնքի Սյունիք գյուղի խմելու ջրագիծն է կառուցվել, Տեղ համայնքում մեքենա է ձեռք բերվել, Շուռնուխում բնակիչներին փոխհատուցելու են անսունների համար և այլն։ «Այսինքն՝ աշխատանքային խումբը մարզում գույքագրում է խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարքի ունեն, և այդ խնդիրներն այս խողովակով լուծվում են»,- հավելեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում