Սևանա լճից դուրս է բերվել ջրահեղձ եղած 36-ամյա տղամարդու դի
Հունվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացու որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարները, ջրային պարեկներն ու քաղաքացիները: Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիներն ափից 300-400 մետր հեռավորությունից ու մոտ 5 մետր խորությունից դուրս են բերել դին, ապա մոտեցրել ափին, այնուհետև փրկարարները պատգարակով դին մոտեցրել են դիատարին:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է: Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ