Ավստրիայում կոշտ լոքդաուն է սկսվել

Ավստրիայում կոշտ լոքդաուն է սկսվել

Ավստրիայում երեքշաբթի կոշտ լոքդաուն է սկսվել՝ կորոնավիրուսի զանգվածային վարակումը կանխելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր սահմանափակումները լրացրել են «մեղմ» լոքդաունի միջոցառումներին, որոնց շրջանակում նոյեմբերի 3-ից փակ են ռեստորանները, թանգարանները, թատրոնները, ֆիթնես կենտրոնները, ակումբները: Բարձր դասարանցիները եւ ուսանողները անցել են հեռահար ուսուցման: Հյուրանոցները չեն ընդունում զբոսաշրջիկներին: Հասարակական սննդի ձեռնարկություններին թույլատրվում է սնունդ պատրաստել միայն առաքման համար: Սահմանափակվել է նաեւ զանգվածային միջոցառումների անցկացումը: Պրոֆեսիոնալ սպորտային իրադարձություններ կարող են անցկացվել առանց հանդիսատեսի:

Ենթադրվում է, որ լոքդաունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 6-ը: Ավստրիայի իշխանությունները մինչ այդ կփորձեն պարզել, թե արդյոք կոշտ կարանտինը կօգնի կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը, քանի որ «մեղմ» կարանտինային ռեժիմը չի հանգեցրել ցանկալի արդյունքի: Ավստրիայի կառավարությունը ցանկանում է խուսափել ցավալի սցենարից, որի դեպքում վատագույն դեպքում բժիշկները ռեսուրսների պակասի պատճառով ստիպված կլինեն օգնություն ցուցաբերել միայն  ապաքինվելու կամ էլ նույնսիկ ապրելու մեծ շանսեր ունեցող պացիենտներին:

Այդպիսով, բացասական միտումը զսպելու համար պետք է սահմանափակել բնակչության սոցիալական շփումները: Մարդկանց թույլատրվում է լքել բնակարանը միայն մի քանի դեպքում. դուրս գալ աշխատանքի, գնումների, օգնել կարիքավորներին, զբոսանքի գնալ: Հանդիպել թույլատրվում է միայն մեկ մարդու կամ մոտ շրջապատից մեկ ընտանիքի հետ: Գործատուները կոչ են անում հեռահար աշխատել: Փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ից հետո ծրագրվում է սկսել բնակչության զանգվածային թեստավորումը: Դա թույլ կտա վաղ փուլում մեկուսացնել վարակվածներին: Զանգվածային թեստավորումը կսկսվի ուսուցիչներից:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում