Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ինտերֆաքսին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Մնացականյանը նախ նշել է, որ համանախագահները ամենատարբեր ուղղություններով բավական մեծ աշխատանք են կատարել: Նախարարն ընդգծել է, որ այդ աշխատանքի կարևոր ուղղություններից է մնում հրադադարի ռեժիմի ամրապնդումը և միջազգային վերահսկողական մշտական մեխանիզմների ներդրումը:
Մնացականյանը նաև պատասխանել է հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ թեկուզ վաղը:
«Իհարկե, ես պատրաստ եմ հանդիպել, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը: Այստեղ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կարևոր է փոխզիջումների որոնումն, անվտանգության ապահովումն, ուժի կիրառումից և առավելապաշտական մոտեցումից հրաժարվելը: Հայաստանի համար գոյություն ունեն կոնկրետ և կարևոր առաջնահերթություններ: ՄԵզ համար բացարձակ առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասել է նա:
Մնացականյանը նշել է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների, Արցախի համար իրական անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություններ են:
«Մենք պատրաստ ենք աշխատել համանախագահների ու ադրբեջանական կողմի հետ՝ գտնելու համար բանաձևեր, որոնք մեզ թույլ կտան համադրել և համեմատել հնարավոր փոխզիջման չափը: Կա ևս մեկ կարևոր հարց, որ վերաբերում է ԼԵռնային Ղարաբաղին. երեսուն տարի շարունակ Լեռնային Ղարաբաղը ցույց տվեց սեփական հասարակական կյանքը կազմակերպելու, սեփական անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ հանձն առնելու իր ունակությունը»,- նշել է Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է՝ Արցախի լիարժեք ներառումը բանակցային գործընթացին շատ կարևոր հարց է և ամենից առաջ գործնական բնույթ է գրում, քանի որ դա էլ ավելի կուժեղացնի այս բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը ԼՂ ղեկավարության մոտ, որ, լինելով ԼՂ ժողովրդի կողմից ընտրված՝ օժտված է համապատասխան մանդատով՝ այդ իսկ ժողովրդի շահերը ներկայացնելու համար:
Կարծիքներ