Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով և նշել, որ նման այցերը կարևոր են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային և ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

 

«Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և հույս հայտնում այդ հարցում տեսնել ձեզ մեր կողքին»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

 

Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ԱԺ նախագահը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձությանը, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը և և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերող հարցերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում