«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը եւ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել են Վերիշենի եւ Գորայքի միջնակարգ դպրոցներ։
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:
Այցի առիթն արդեն երկրորդ տարին մարզպետարանի կողմից անցկացվող մարզի «Լավագույն դպրոց» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքում հաղթած դպրոցներին ու մանկավարժներին պարգևատրելն է եղել։ Սյունիքում 2020-2021 ուսումնական տարվա «Լավագույն դպրոց» է ճանաչվել Վերիշենի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Ագարակի միջնակարգ դպրոցն է, 3-րդը Գորայքի միջնակարգն է։ Գորայքի ու Ագարակի դպրոցներն արդեն երկրորդ անգամ են մարզի լավագույն դպրոց ճանաչվում։
Լավագույն դպրոցների տնօրեններին են փոխանցվել գավաթներն ու շնորհակալագրեր, պարգեւատրվել են նաև Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններից լավագույնը ճանաչված մանկավարժները։ Կրթօջախներն ընտրվել են կոնկրետ չափորոշիչների ու տվյալ ուստարում գրանցած արդյունքների հիման վրա․ հաշվի են առնվել մեդալակիրների, կարմիր վկայականներով շրջանավարտների, գովասանագիր ստացած աշակերտների, տարակարգ ստացած ուսուցիչների, կամավոր ատեստավորված ուսուցիչների, դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտների թվերը։
Վերիշենի դպրոցում նախ փառքի անկյունում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտներին, այնուհետեւ դպրոցի շնորհալի աշակերտները հանդես են եկել գեղարվեստական համարներով։
Երկու դպրոցներում էլ Մելիքսեթ Պողոսյանը շնորհավորանքի ու գնահատանքի խոսքեր է հղել տնօրեններին, մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին՝ նշելով, որ դա բոլորի համատեղ ձեռքբերումն է ու պետք է ձգտել շարունակել լավ աշխատանքը՝ օրինակ դառնալով մարզի մյուս դպրոցների համար։ Մարզպետը խնդրել է նաև նոր մարտահրավերների առերեսված Սյունիքում նախկինից ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆիզկուլտուրա, ՆԶՊ առարկաներին, ռազմահայրենասիրական դաստիարակությանը։
Կարծիքներ