Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

 Արցախի դատախազությունը նոյեմբերի 8-ին հաղորդում է ստացել այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին:

Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից, նշելով, որ հիշյալ հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,- զգուշացվում է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մեկտեղ հիշեցնելով, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Նախկինում էլ հաղորդվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձել են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում