Զախարովան անդրադարձել է Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է օրերս Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքին։
«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և մերձավորներին։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Իրենց պատասխանատվության գոտում նման միջադեպերից զերծ մնալու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները անդադար կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շտաբերի հետ։ Տվյալ ողբերգական միջադեպն ապացուցում է երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի բոլոր դրույթներն անշեղորեն կատարելու կարևորությունը»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը նաև նշել է, որ Մոսկվան երկու կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել առկա փոխադարձ գրգռիչները մարդասիրական դաշտում, կատարել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։
Կարծիքներ