Այսօր Հարկադիր կատարողի օրն է․ Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը

Այսօր Հարկադիր կատարողի օրն է․ Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարողի օրվա առթիվ, որում նշված է.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 24-ամյակի և հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ։

 

2013 թվականին Կառավարության որոշմամբ՝ մայիսի 5-ը պաշտոնապես հռչակվեց Հարկադիր կատարողի օր, օր, որը մեզ համար պարզապես օրացույցային չէ: Այն պատասխանատու ստուգատեսի օր է, լավագույն առիթ՝ գնահատելու հերթական հաշվետու տարին և ուրվագծելու հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները։

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր ուրույն դերն ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, իրավակարգի ամրապնդման ու քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանության ու վերականգնման կարևոր գործում:

 

Հարգելի՛ ծառայակիցներ, ցանկանում եմ այս կարևոր օրը շնորհակալական խոսք ուղղել ձեր նվիրված, բարեխիղճ աշխատանքի համար, մեր վետերաններին՝ իրենց երկարամյա աշխատանքի, Ծառայության կայացման և բարեփոխման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։

 

Հարկադիր կատարողի ծառայությունը հեշտ չէ, այն խիստ պատասխանատու է, ռիսկային, երբեմն նաև վտանգավոր, պահանջում է գիտելիքի և կարողությունների շարունակական կատարելագործում, անհրաժեշտ օրենսդրական բազայի, աշխատանքի մեթոդների վերանայում և Ծառայության ռեսուրսների արդիականացում։

 

Պատահական չէ, որ Ծառայության բարեփոխումը, գտնվելով Կառավարության ուշադրության կետրոնում, բոլոր ծրագրային փաստաթղթերում ներկայումս նախանշված է որպես կարևոր ռազմավարական ուղղություն։

 

Այսօր կարող ենք փաստել, որ Ծառայության համալիր բարեփոխման հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը՝ մեր քաղաքացիների համար մատչելի ու հասանելի էլեկտրոնային ծառայությունների միջավայրի ձևավորումը, այլևս իրականություն է դառնում։ Վստահաբար կարող ենք արձանագրել, որ հաջողությամբ ներդրվել են «Անձնական էլեկտրոնային գրասենյակ», «Կատարողական վարույթների ինքնաշխատ հարուցում և մակագրում», «Ավտոմատ բռնագանձում», «Ավտոմատ ապաարգելադրում», մի շարք այլ էլեկտրոնային գործիքներ։

 

Ամբողջությամբ նորացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման էլեկտրոնային հարթակը, իսպառ բացառվել է շահադիտական նպատակներով մարդկային միջամտությունը Ծառայության կողմից անցկացվող էլեկտրոնային աճուրդներում։

 

Անցած տարվա ընթացքում մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց կենսագործումը, մեր համոզմամբ, էապես նպաստելու է Ծառայության արդյունավետության էլ ավելի բարելավմանը, հարկադիր կատարողի ծառայողական մոտիվացիայի բարձրացմանը և սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։

 

Ձեր բոլորի հետևողական աշխատանքի, առկա ռեսուրսներով վարչարարության որակը և վարույթի կողմերի հետ տարվող աշխատանքը էապես բարելավելու վճռականության շնորհիվ նախորդ տարի Ծառայությունը գրանցել է աննախադեպ կատարողական։ Վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ գանձվել է ավելի շատ կատարողական ծախս, քան ծախսվել է պետական բյուջեից Ծառայությունը պահպանելու համար։ Չեմ չափազանցնի, եթե պնդեմ, որ դա հետևանք է անմնացորդ նվիրումով աշխատանքի, լավ թիմային աշխատանքի և կոռուպցիոն երևույթների նկատմամբ բոլորիս անհանդուրժողականության։

 

Վստահ եմ՝ մեր որդեգրած շարունակական բարեփոխման ճանապարհին, առաջնորդվելով սկզբունքայնությամբ, մասնագիտական պրոֆեսիոնալիզմով, պետություն-քաղաքացի կարևոր ինստիտուտի նկատմամբ բարձր պատասխանատվությամբ, համակարգված ու արդյունավետ աշխատելու ձգտումով, միասին կարողանալու ենք նոր որակ հաղորդել Ծառայության աշխատանքին, հարկադիր կատարողի հանրային ընկալմանը։

 

Մեր քաղաքացին պետք է տեսնի, որ դուք նրանցից մեկն եք՝ նույն խնդիրներով, մարդկային նույն հոգսերով, բայց միևնույն ժամանակ՝ պետության և քաղաքացու առջև ունեցած մասնագիտական պարտավորությամբ։

 

Մեկ անգամ ևս շնորհավորելով հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղություն և անփորձանք ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում