Քննարկվել են վերակենդանացման բաժանմունք ընդունվող պացիենտների վիճակի գնահատման չափանիշները
Անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում սահմանված պահանջների կատարումը և առկա խոչընդոտները քննարկելու համար ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ:
Քննարկվել են, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունք ընդունվող պացիենտների վիճակի գնահատման ներկայիս չափանիշները, դրանք հստակեցնելու, անհետաձգելի բժշկական օգնության մակարդակները սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բժշկական կենտրոնների` պահանջվող սարքավորումներով ապահովվածության հետ կապված խնդիրները:
Նախարարը նշել է, կյանքին սպառնացող վիճակների և հիվանդությունների ճիշտ կառավարման առումով անհրաժեշտ է ոչ թե նվազեցնել պահանջները` համապատասխանեցնելով տեղում առկա իրավիճակին, այլ համատեղ ուժերով հասցեագրել մարզային բժշկական կենտրոնների կողմից սարքերի ձեռքբերման հետ կապված խնդիրները և լուծումներ տալ, ինչը նաև լավ հնարավորություն է մասնագետների համար` աշխատելու կոնրկետ չափանիշներով և անհրաժեշտ սարքավորումներով:
Մասնագետները քննարկել են նաև անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում չափորոշիչների վերանայման, միջազգային դասակարգումներով ընդունված պահանջների ապահովման հետ կապված այլ հարցեր:
Կարծիքներ