Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին. Ռուբեն Վարդանյանը՝ ԱՀ նախագահին
Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ տեղյակ է իր՝ Արցախում մնալու հետ կապված ճնշումներին, բայց հակառակ դրան ոչ միայն չի հեռանալու, այլև չի պատկերացնում իրեն առանց Արցախի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Վարդանյանը ասաց «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջի տեսաուղերձում:
«Խոսքս ուղղել եմ առաջին հերթին արցախցիներին և ողջ հայությանը, ուղենշել եմ իմ հետագա անելիքներն ու պլանները, որոնք բոլորս, միասին Արցախում մնալով և ապրելով, պետք է կյանքի կոչենք: Ուրախությամբ կշարունակեմ անել այն, ինչ նախկինում էի անում»,- ընդգծեց Վարդանյանը։
Նրա խոսքով` իր հիմնադրած «Մենք և մեր սարերը» հիմնադրամն ու գործակալությունը բավականաչափ ծրագրեր է իրականացրել և դարձել պետական և մասնավոր հատվածների, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների համագործակցության օրինակ։
Նա ընդգծեց, որ շարունակելու են ներդնել իրենց ջանքերը և մեծ աշխատանք են անելու, որ հնարավորինս շատ հայեր գան Արցախ, որպեսզի ոչ միայն արցախահայերը միայնակ չզգան իրենց, այլև նրանք, որոնք հեռացել են Արցախից տարբեր ժամանակներում, այս ճգնաժամի ժամանակ վերադառնան՝ ավելի ուժեղացնելով մեր հայրենիքը։
Վարդանյանը կարևորեց այն, որ ֆինանսական, կառավարման և այլ հարցերից ավելի կարևոր էր այն արձանագրումը, որ Ադրբեջանը, որը հույս ուներ արցախցիներին ծնկի բերել, կոտրել, չարաչար սխալվեց։ «Ադրբեջանը տեսավ, որ մենք դարձանք ավելի միասնական, և անգամ վերացան անտարբերության դրսևորումները։ Իսկապես շատ ոգևորիչ էր լսել, թե ինչպես էին մարդիկ տարբեր համայնքներում ասում՝ մենք պատրաստ ենք դիմանալ առանց գազի ու լույսի, միայն թե մեզ մի դավաճանեք և եկեք շարունակենք պայքարը»,- ասաց նա։
Դիմելով Արցախի նախագահին՝ Վարդանյանն ընդգծեց, որ իրենք երջանիկ են այստեղ, որովհետև ֆանտաստիկ ժողովուրդ ունեն, այդ ժողովուրդը ցույց է տվել, որ ամեն ինչի կարող է դիմանալ, պատրաստ է պայքարելու, պատրաստ է իրենց հետևից գնալու, և դա իսկապես մեծ պատիվ է: Նա այդ մարդկանց հետ շփումից հասկացել է, թե որքան ուժեղ է արցախցին:
«Մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ունեն իրենց թերությունները: Ես հուսով եմ, որ եթե ինչ-որ մեկին առանց գիտակցելու նեղացրել եմ, ներողամիտ կլինեք, եթե ինչ-որ բան չեմ ասել կամ արել, պատրաստ եմ և քննադատություն, և խորհուրդ լսելու, որովհետև ես միշտ սովորել եմ ուրիշներից:
Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարոն նախագահ, ամեն ինչի համար, չնայած, իսկապես, մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք: Այդ կարմիր գծերը շատ կարևոր են մեր արժանապատվության, Արցախը հայկական, անկախ և արժանապատիվ պահելու համար: Ես վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը միասին ենք հաղթահարելու»,- եզրափակեց Վարդանյանը:
Կարծիքներ