13 համայնք 540 միլիոն դրամի գյուղտեխնիկա է ստացել

13 համայնք 540 միլիոն դրամի գյուղտեխնիկա է ստացել

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, ինչպես նաև 5-10 տոկոսի չափով համայնքների միջոցներով վերջին շրջանում Հայաստան է ներմուծվել 540 միլիոն 725 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա և գյուղսարքավորում, և ըստ հիմնադրամ ներկայացված հայտերի` բաշխվել 13 միավորված համայնքներում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից:

Այսպիսով, 13 համայնքի 30-ից ավելի գյուղական բնակավայրերում բերքահավաքն իրականացվում է նոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Համայնքներից ստացվող տվյալների համաձայն` սա հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել անկորուստ, առավել արդյունավետ ու արագ։ Կարևոր արդյունքներից է նաև մշակվող հողատարածքների զգալի ավելացումը։

Ըստ ՀՏԶՀ-ի՝ սրանք Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ամբողջական տվյալները չեն։ ՍՆՏԶ 2-րդ բաղադրիչում ընդգրկված խոշորացված  համայնքների թիվը 29 է, ընդհանուր ներդրումը կազմել է 4.317.176.880 դրամ, որով հնարավոր է եղել համայնքներին ապահովել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ կոմունալ սպասարկման տեխնիկայով և սարքավորումներով։ Արդյունքում, էապես բարելավվել են համայնքների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և քանակը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում