«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների գործով 40 մեղադրյալ կա. ՔԿ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների գործով 40 մեղադրյալ կա. ՔԿ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված մեծածավալ ապօրինի ծառահատումների գործով 40 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Ըստ այդմ՝ 2014-2019թթ. ընթացքում նշված անտառային տարածքներում ապօրինի հատվել է 9382 տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1.625.623.250 ՀՀ դրամ գումարի վնաս:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնականում Դիլիջան համայնքի հարակից՝ Թեղուտ և Հաղարծին բնակավայրերի որոշ բնակիչներ, ովքեր ունեցել են բեռնատար ավտոմեքենաներ և թրթուրավոր տրակտորներ, ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով հանցավոր համաձայնության են եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ոլորտի պատասխանատու աշխատակիցների հետ, և ստանալով նրանց համաձայնությունը՝ կամ կազմակերպել են ծառահատումներով զբաղվող հանցավոր խումբ, կամ օրավարձով աշխատող գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ապօրինի ծառահատումներ կատարելու շուրջ: Այնուհետև, կատարվել են մեծածավալ ապօրինի ծառահատումներ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժինների տարածքներում, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս: Կոնկրետ պահաբաժնում կամ տարածքում բացի մեկ խմբավորումից, այլ անձինք կամ այլ խմբավորումներ ծառահատումներ կատարելու թույլտվություն չեն ունեցել և ապօրինի հատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը՝ որպես շինափայտ, իրացրել են Իջևան համայնքի տարածքում գտնվող փայտանյութի մշակման արտադրամասերում, իսկ մյուս մասը՝ որպես վառելափայտ, իրացրել են Արմավիրի կամ Գեղարքունիքի մարզերում:

ՔԿի փոխանցմամբ՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով 40 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ, ապօրինի ծառահատումներով զբաղվող մի շարք անձինք, ապօրինի ծառահատումներից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձինք, որոնց վերաբերյալ 3 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում