ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփում են 2024-ի առաջին եռամսյակի աշխատանքները
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, խորհրդակցության ընթացքում ՆԳ ՓԾ տնօրենին ներկայացվել են 2024 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքները, մասնավորապես, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման և արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքները։
«Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 2935 արտակարգ դեպք, պատահար, որից 1214-ը՝ հրդեհի, 924-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, 491-ը՝ թունավորման, 27-ը՝ փլուզման, 11-ը՝ պայթյունի, 2026-ը՝ կենցաղային և այլ դեպքեր։ Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում, ինչի հետևանքով այրվել է մոտ 639.6 հա տարածք։
ՓԾ ստորաբաժանումների կողմից փրկվել է 41 մարդ։ Դիտարկվող ժամանակահատվածում, տարբեր գործոններով պայմանավորված, ՓԾ ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 3967 տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 7798 մարդ։ Ժամանակավոր հենակետերը սպասարկել են 127 դեպք, արգելափակումից դուրս են բերել 799 տրանսպորտային միջոց։
Աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ․ իրազեկման և ուսուցման նպատակով հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և անցկացվել է 464 դասընթաց, որին մասնակցություն են ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ գետերի հուների, հեղեղատարերի և սելավատարերի վտանգավոր տեղամասերում մաքրման, խորացման և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ հարակից տարածքներում անվտանգ միջավայրի ապահովման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել մի շարք առաջարկություններ։ Մշակվել են արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագրեր, Վեդի համայնքի և ՀՀ-ում 2 նորակառույց դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլաններ։
Նշվում է, որ աշխատանքներ են իրականացվել պլանների, ծրագրերի մշակման և իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, փրկարարական ուժերի պատրաստության, բժշկական և հոգեբանական աջակցության ցուցաբերման ուղղություններով։
««Առաջին բուժօգնություն» և «Առաջին հոգեբանական օգնություն» թեմաներով դասընթացներ են անցկացվել ՆԳՆ փրկարարական և ոստիկանության ծառայողների, այլ գերատեսչությունների աշխատակիցների հետ, ինչպես նաև դպրոցներում և մանկապարտեզներում։
Կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները լսելուց հետո Ծառայության Տնօրենը տվեց հստակ կարգադրություններ և հանձնարարականներ՝ մատնանշելով տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
Փրկարար ծառայության տնօրենը կարգադրեց աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով կատարողականը և աշխատանքային կարգապահությունը։
Կամո Ցուցուլյանը հանձնարարեց զբոսաշրջության ակտիվացմամբ և գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված՝ վերահսկողությունն ուժեղացնել բուսածածկ և խոտածածկ տարածքներում՝ հրդեհների առաջացումը կանխարգելելու նպատակով։ Միաժամանակ ուսումնասիրություններ անցկացնել սողանքավտանգ գոտիներում, քարաթափման վտանգավոր հատվածներում, անհրաժեշտության դեպքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել հարկադիր քարաթափման աշխատանքներին:
Ամփոփելով եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց շարքային անձնակազմին՝ բարեխիղճ ծառայության և պատրաստակամության համար, նշելով, որ առանձնակի բարդության դեպքերի պատշաճ արձագանքման և լավագույնս կատարած աշխատանքի համար խրախուսվել են մի շարք փրկարարական ծառայողներ»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Աղբյուրի ներկայացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի և կատարողականի համար բարձր է գնահատվել Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների, Հոգեբանական աջակցության բաժնի և Բժշկական ապահովման վարչության գործունեությունը։
Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենն ամփոփել է արդյունքները՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները, տվել մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։
Կարծիքներ