ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել․ Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունից որևէ տարածքի, բնակավայրի կամ էլ գյուղի հանձնման մասին քննարկում չկա։ Այս մասին ԱԺ նախագահը գրառում է կատարել տելեգրամյան իր էջում։
«Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:
Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում:
ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա!
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:
Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»,- գրել է Սիմոնյանը:
Կարծիքներ