ՆԱՏՕ-ն ՌԴ-ի Զինված ուժերի զգալի և արտասովոր կենտրոնացում է նկատում Ուկրաինայի սահմանի մոտ․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի Զինված ուժերի զգալի և արտասովոր կենտրոնացում է նկատում Ուկրաինայի սահմանի մոտ․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ արևմտյան ռազմական դաշինքը կանգնած է Ուկրաինայի կողքին՝ այդ երկրի սահմաններին ռուսական զորքերի մեծ և անսովոր կենտրոնացվածության պայմաններում, գրում է The Economic Times:

Ընդգծելով, որ այժմ կարևորը իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալը թույլ չտալն է, Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել թափանցիկ լինել ռազմական գործողությունների հարցում, նվազեցնել լարվածությունը և կանխել էսկալացիան։ «Մենք պետք է հեռատես լինենք, մենք պետք է իրատես լինենք մեր առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ: Եվ այն, ինչ մենք տեսնում ենք, ռուսական զորքերի նշանակալի ու մեծաթիվ կուտակում է»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հայտարարել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել Ռուսաստանի մտադրությունների մասին, բայց և հավելել է. «Մենք տեսնում ենք զորքերի անսովոր կենտրոնացում, և մենք գիտենք, որ Ռուսաստանը նախկինում պատրաստ է եղել օգտագործել այս տեսակի ռազմական հնարավորությունները՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար»: Ստոլտենբերգն ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից ցանկացած սադրանք կամ ագրեսիվ գործողություն մեծ անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում»։ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում թափանցիկ լինել իր ռազմական գործունեության մեջ, կարևոր է խուսափել էսկալացիայից և նվազեցնել լարվածությունը Ուկրաինայի շուրջ»,- հավելել է նա։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում