Մինչև Թրամփի երդմնակալությունը Կիևը Վաշինգտոնից կստանա ռազմական օգնության նոր փաթեթ և 20 մլրդ դոլարի վարկ. The Guardian

Մինչև Թրամփի երդմնակալությունը Կիևը Վաշինգտոնից կստանա ռազմական օգնության նոր փաթեթ և 20 մլրդ դոլարի վարկ. The Guardian

Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Կիևն ԱՄՆ-ից օգնության ևս մեկ փաթեթ կստանա մինչև հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Ըստ պարբերականի՝ օգնությունը ներառում է «հարյուր հազարավոր լրացուցիչ հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահամեքենաներ», որոնք կտրամադրվեն մինչև հունվարի կեսերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն օգնություն է խոստանում Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող օբյեկտներում զինվորականների պատրաստման հարցում:

Հրատարակությունը հայտնում է նաև, որ գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Կիևին վարկերի տեսքով 20 մլրդ դոլար հատկացնելու մասին. այդ վարկերն ապահովվելու են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։

Միևնույն ժամանակ Անդրեյ Երմակը հանդիպումներ է ունեցել Թրամփի թիմի առանցքային անդամների, այդ թվում՝ ապագա փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու Մայք Ուոլցի և Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով Թրամփի ընտրած բանագնաց Քիթ Քելլոգի հետ։ 

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Թրամփի թիմը պատրաստում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու առաջարկ, որով Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից և զգալի տարածքներ կզիջի Ռուսաստանին, ինչն ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականությունից կտրուկ շեղում է։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իշխանության գալուց հետո 24 ժամվա ընթացքում կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում