Հայաստանում կներդրվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ում

Հայաստանում կներդրվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ում

Խորհրդարանը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նախագիծը սահմանում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման նպատակները, սահմանում է ռեեստրում ներառման ենթակա տեղեկատվության շրջանակը, ինչպես նաև ԿԲ խորհրդի լիազորությունը՝ սահմանելու այդ ռեեստրի վարման, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը և ժամկետները:

«Ռեեստրը ստեղծվում է ԿԲ նպատակների և գործառույթների իրականացման համար, ինչպես նաև «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով: Ռեեստրում  ներառվող տեղեկատվությունները բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություններ են շարունակելու համարվել, ուստի դրանք արտացոլվելու են նման տեղեկությունների ստացման համար օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված կարգով: Ռեեստրից տեղեկությունների ստացման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը նույնն է մնում, ինչ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման իրավասություն ունեցող մարմինների ցանկն է»,-ասաց Երիցյանը:

Սկզբնական մնացորդի, ընթացիկ շարժերի, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում