Մասիսի բժշկական կենտրոնում բացահայտված կոռուպցիոն չարաշահումների առնչությամբ Արարատի մարզի դատախազը միջնորդագիր է հղել մարզպետին
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, նաև բուժկենտրոնի մի քանի աշխատակիցների հետ խմբի կազմում, այլ քաղաքացիների օժանդակությամբ պաշտոնական կեղծիք, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման և յուրացման եղանակներով ՓԲԸ-ի ֆինանսական միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու բազմաթիվ կոռուպցիոն հանցավոր արարքների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ բուժկենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց, այդ թվում նաև բուժկենտրոնի աշխատակիցների:
Բացի այդ, նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների նկատմամբ ոչ արդարացնող, այդ թվում՝ համաներման, ինչպես նաև գործուն զղջալու հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Քրեական գործը 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և սկսվել է դատական քննություն (ԱՎԴ2/0038/01/22):
Արարատի մարզի դատախազությունում սույն գործի նյութերի ուսումանսիրության ընթացքում պարզվել են Մասիսի բժշկական կենտրոնում կատարված լայնածավալ կոռուպցիոն չարաշահումների կատարման պատճառ և պայման հանդիսացող մի շարք գործոններ:
Նկատի ունենալով, որ բուժկենտրոնը Արարատի մարզպետարանի ենթակայության ներքո գործող պետական հիմնարկություն է, իսկ մարզպետարանի ենթակայության տակ առկա են նաև այլ նմանատիպ հաստատություններ, որտեղ, ևս, կարող են այդ գործոններով պայմանավորված նման երևույթներ տեղի ունենալ՝ մարզի դատախազը միջնոդրագրով դիմել է ՀՀ Արարատի մարզպետին:
Մարզի դատախազը միջնորդագրով անհրաժեշտ է համարել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում բացառել աշխատանքային խտրականության ցանկացած դրսևորում և ապահովել, որպեսզի աշխատակիցները վարձատրվեն ըստ իրենց հաստիքների և ըստ իրենց կատարած աշխատանքի՝ արդարացի պայմաններով:
Բացի այդ, քրեական գործով պարզվել է, որ յուրացման և վատնման եղանակով կատարված հափշտակությունները հնարավոր են դարձել հաշվապահական ընթացակարգերի, գնումների մասին օրենսդրության պահանջների խախտումների արդյունքում: Ելնելով դրանից՝ միջնորդագրով նաև բարձրացվել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություններում հաշվապահական հաշվառման կարգը, գնումների մասին օրենքով և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խստագույնս պահպանելու, մատուցվող ծառայությունների համար հիմնարկությունների աշխատակիցների կողմից, առանց համապատասխան փաստաթղթավորման, կանխիկ-առձեռն գումարների ստացումը բացառելու ուղղությամբ։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր նաև, որ վատնման եղանակով ընդհանուր առմամբ ավելի քան 1մլն դրամի չափով գումարի հափշտակության երկու դրվագ կապված է եղել բժշկական կենտրոնի արհեստակցական կազմակերպությանը փոխանցվող ֆինանսական միջոցները ապօրինի կորպով ոչ նպատակային օգտագործելուն և վատնելուն:
Օրինակ, պարզվել է, որ ԲԿ-ի տնօրենի պահանջով արհմիության միջոցներից խոշոր չափերով գումար է փոխանցվել մի մասնավոր կազմակերպության, որպեսզի հիվանդանոցի տնօրենը պարգևատրվի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ և նրա մասին նկարահանվի տեսահոլովակ։
Միջնորդագրով խնդիր է դրվել հետևելու, որպեսզի արհմիություններին հատկացված դրամական միջոցները ծառայեցվեն բացառապես արհմիությունների կանոնադրական նպտակների իրականացմանը և բացառվի ցանկացած ապօրինի միջամտություն արհմիությունների օրինական գործունեությանը, նաև՝ պարբերաբար այս ոլորտում իրականացեն ստուգումներ:
Միջնորդագրով անհրաժեշտություն է համարվել մշակել և ներդնել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների նյութական ապահովման միջոցների, այդ թվում՝ վառելիքի տրամադրման գործընթացքում ստուգողական-վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ, ինչպես նաև՝ ձեռնարկել գործուն միջոցներ՝ բացառելու առանց համապատասխան վարձակալական պայմանագրերի կնքման՝ պետական հիմնարկությունների կողմից շահագործվող անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրումը։
Կարծիքներ