Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. գործունեության հաշվետվությունը և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների կատարողականը:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմինը ձևավորվել է նախկինում գործող 5 տեսչության օպտիմալացման արդյունքում և իրականացնում է տեսչական գործառույթներ՝ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման և քարտեզագրման բնագավառներում: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, կարգավորվել են տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու շրջանակը և լիազորությունները: Ինչպես տեսչական մյուս մարմիններում, այստեղ ևս ամբողջովին ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:
Ապա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2019թ. տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում ստուգումներ են իրականացվել 1200-ից ավելի դպրոցներում, այժմ ՏԻՄ հետ քննարկումներ են ընթանում ազդանշանման ինքնաշխատ համակարգերի և հրդեհաշիջման կահավորանքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 135 ստուգում, բացահայտվել է գրեթե 1200 խախտում, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումները վերացնելու կարգադրագրեր: Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ գործող բոլոր մանկական ճամբարներում և կարուսելներում, կրկնայցերի շրջանակում պարզվել է, որ խախտումների մեծ մասը վերացված է։
Քաղաքաշինության ոլորտում՝ 2700-ից ավելի դիտարկումների ընթացքում հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց, տրանսպորտի անվտանգության ոլորտում իրականացվել է մշտադիտարկում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխզննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ, էներգետիկայի ոլորտում՝ էներգատեղակայանքներում իրականացվել են տեխնիկական ստուգումներ: Ներկայացվել են արձանագրված թերությունները շտկելու և խախտումների վերացնելու վերաբերյալ առաջարկներ: Հողօգտագործման ոլորտում՝ ստուգում է իրականացվել մարզային 21 համայնքում, արձանագրվել է 339 խախտման դեպք, կազմվել է 21 ակտ, որոշ խախտումների մասով հարուցված են քրեական գործեր։
Գ. Շախբազյանը նշել է, որ Covid-19-ով պայմանավորված՝ ՏՄ 2020թ. գործունեության տարեկան ծրագրով սահմանված մի շարք միջոցառումներ կատարվել են ոչ ամբողջ ծավալով: Այնուամենայնիվ, տեսչական գործառույթները շարունակաբար իրականացվել են նշված բոլոր ոլորտներում և ուղղություններով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ստեղծվել է 11 աշխատանքային խումբ, և Ոստիկանության հետ համատեղ իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ տրանսպորտի ոլորտում, որոնց արդյունքում արդեն կազմվել է 1797 արձանագրություն։ Ստուգումներ են իրականացվել պայթյունավտանգ օբյեկտներում:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես, հետաքրքրվել է հակահրդեհային կանոնների խախտումների արձանագրումից հետո տարվող աշխատանքով: Պարզաբանումներ են ներկայացվել տարբեր նշանակության ռիսկային օբյեկտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին: Քքննարկվել է հակահրդեհային ապահովագրության համակարգի ներդրման հարցը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև գազի ներտնային սպասարկմանն առնչվող ռիսկերի մասին՝ կարևորելով չափանիշների սահմանումը և արդյունավետ վերահսկողությունը:
Վարչապետն անդրադարձել է հանրապետության տարածքում առկա ինքնակամ կառույցների խնդրին՝ հետաքրքրվելով մշակվող լուծումներով: Պատասխանատուները զեկուցել են, որ այդ նպատակով մշակվել և շրջանառվում է համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության շրջանում այն մոտեցման տարածումը, որ ցանկացած շինարարություն իրականացնելու համար պետք է համապատասխան նախագիծ ունենալ և ընդգծել, որ օրենսդրական դաշտի ապահովումը ևս կնպաստի այսուհետ ինքնակամ շինարարության բացառմանը: Քննարկվել են նաև վտանգավոր թափոնների կառավարմանը և պայթյունավտանգ օբյեկտներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
Հաջորդիվ ներկայացվելու են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները:
Կարծիքներ