Սերբիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին Զախարովայի գրառման պատճառով
Սերբիայի արտգործնախարարությունը կանչել է ՌԴ դեսպանին՝ «բանավոր պարզաբանելու» համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառումը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ ԱՄՆ այցի վերաբերյալ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիչ Դանիչի խոսքով՝ դեսպանի հետ հանդիպումից առաջ իրեն զանգահարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ Զախարովայի գրառումը «անհարկի լարվածություն» է առաջացրել երկու երկրների հարաբերություններում, ուստի կարևոր է, որ Լավրովը խոսի Դանիչի հետ և լիցքաթափի առկա իրավիճակը:
Դանիչը հավելել է, որ այս իրավիճակը պետք է դաս լինի յուրաքանչյուրի համար, որ չի կարելի խաղալ «նման բաների հետ»: Բացի այդ, նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պետին՝ իրավիճակի լուծմանը ներգրավված լինելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, նա գրառում է հրապարակել, որում ծաղրել է Սերբիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ալեքսանդր Վուչիչի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Իսկ Զախարովայի հեգնական մեկնաբանության պատճառ է դարձել լուսանկարը, որում երևում է, որ Թրամփն իր աթոռը զրուցակիցից զգալի հեռավորության վրա է տեղափոխել: «Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն և աթոռը դրել են այնպես, կարծես դուք հարցաքննության եք ներկայացել, նստեք ինչպես թիվ 2 լուսանկարում: Ով էլ որ լինեք: Ուղղակի հավատացեք»,- գրել է դիվանագետը՝ հրապարակումն ուղեկցելով «Հիմնական բնազդ» կինոնկարից կադրով:
Կարծիքներ