Շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող ԱԺ որոշման նախագիծը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 30 պատգամավոր շրջանառության մեջ է դրել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման ընդունման դեպքում կչեղարկվի ապրիլի 5-ին նշանակված, սակայն արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը»,- նշված է որոշման նախագծում:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտի հրապարակման պահից:
Կարծիքներ