Կապանում Իրանի հյուպատոսությունը նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելեց նա:
Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների` Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:
«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասաց նա:
2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:
Կարծիքներ