Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Մարտի 18-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկը տվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ողջունելով ներկաներին՝ նա հաջող խաղ և բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին. «Լավ խաղ և ազնիվ պայքար եմ մաղթում բոլորիդ: Վստահ եմ՝ մեր մրցավարական հանձնաժողովը, ֆեդերացիայի նախագահ պարոն Ֆելիքս Սարգսյանի գլխավորությամբ, որևէ խնդիր չի ունենա, որևէ կողմնակալություն չի լինի, և իսկապես կհաղթեն ուժեղները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սահմանվել է բավականին լուրջ մրցանակային ֆոնդ, իսկ մրցաշարի ավարտից հետո բոլորովին նոր սեղանները կտրամադրվեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի մարզադպրոցներին. «Տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում խաղարկվելու է ՀՀ վարչապետի կողմից սահմանված 15 մլն դրամ մրցանակը: Բավականին լուրջ մրցանակային ֆոնդ է սահմանվել: Կարևոր է նաև այն փաստը, որ մրցաշարի ավարտից հետո այս դահլիճում գտնվող սեղանները կգտնեն իրենց հասցեատերերին: Նվիրելու ենք առավել ակտիվներին՝ այն մարզադպրոցներին, որոնք խմբեր ունեն, բայց գույք չունեն, կամ էլ խմբեր չունեն, բայց ուզում են սեղանի թենիսը զարգացնել»:

Մրցումային երկրորդ օրը՝ մարտի 19-ին, կկայանան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։

Հիշեցնենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված է 12 մասնակցով՝ տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում:

Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ:

Նրանք կպարգևատրվեն հուշանվերներով և պատվոգրերով:

Մրցաշարին տարիքային երկու խմբերում 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև գավաթներով և մեդալներով:

Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ կստանա 80 մասնակից.

1-ին տեղ՝ 1 000 000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600 000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400 000 ՀՀ դրամ,  

4-րդ տեղ՝ 150 000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100 000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75 000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50 000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում