Բեթթին ներկայացրել է «Betty World» երգի տեսահոլովակը
«Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ներկայացրել է իր նոր՝ «Betty World» երգի տեսահոլովակը։ Այն արդեն հասանելի է համացանցում։
Տեսահոլովակը Բեթթին թողարկել է հենց հունիսի 7-ին՝ իր կողմից հռչակած Պատանիների օրը։ Ամեն տարի նա տոնի կապակցությամբ կազմակերպել է տարաբնույթ միջոցառումներ, իսկ այս անգամ որոշել է նոր երգ ու հոլովակ թողարկել։
Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Բեթթիի՝ ԱՄՆ-ում վաստակած գումարով։ Նախագծում երգչուհին հանդես է գալիս նաև որպես պրոդյուսեր և բեմադրող ու աշխատել է աշխարհի տարբեր երկրների լավագույն մասնագետների հետ։ Մասնավորապես, վիզուալները ստեղծել է Animast Production-ը, ռեժիսորը և սցենարի հեղինակը Animast Production-ի ղեկավար Արթուր Մարթինն է, անիմացիան կատարել է Մարիա Շչերբինինան։ Երաժշտության և բառերի հեղինակը TOKIONINE-ն է։ Երաժշտական ձևավորումն իրականացրել են Ջորջ Բրեյնշեյքերը և Մարտին Միրզոյանը։
Ռիթմիկ «Betty World» երգի տեսահոլովակը գունեղ մուլտֆիլմ է, որի հիմնական ուղերձն է, որ պատանիները պիտի չթուլանան և պետք է առաջ գնան։ Բեթթիի խոսքով՝ ինքն այս հոլովակով նպատակ ունի ոգևորել նոր սերնդի ներկայացուցիչներին, քանի որ նրանք շատ են անտեսվում այս թոհուբոհի մեջ։ Հոլովակով և իր նախագծով Բեթթին փորձում է նպաստել դրական երևույթների տարածմանը, նոր սերնդին կոչ է անում կրթվել, սովորել, արդի մասնագիտություններ ձեռք բերել և նոր լեզուներ յուրացնել։ Բեթթին համոզված է՝ այսօր առավել, քան երբևէ նոր սերունդը դրական օրինակի կարիք ունի և վստահ է, որ ցանկացած երկրի հաջողություն կախված է յուրաքանչյուր մարդուց։
Հոլովակի համար հատուկ ընտրվել է մուլտֆիլմի ձևաչափը, քանի որ երգչուհին նկատել է՝ հայերենով լավ նյութեր և մուլտֆիլմեր քիչ կան։ Սփյուռքում հատկապես մարդիկ հայալեզու արտադրանքի կարիք ունեն։ Իր այս հոլովակով փորձել է նաև այդ բացը լրացնել։
Բեթթին ունի տարբեր լեզուներով ստեղծված արդեն մի քանի նոր երգ, որոնք ևս շուտով կներկայացնի իր երկրպագուներին։
Կարծիքներ