Մեքսիկայում տվյալների վերանայումը փաստել է, որ «Քովիդ-19»-ի հետևանքով մահացության իրական ցուցանիշը 60%-ով բարձր է մինչ այս հայտնի տվյալներից
Մեքսիկան ներկայացրել է երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված վերանայված տվյալները, որոնց համաձայն` վիրուսով պայմանավորված մահվան ցուցանիշը 60 տոկոսով ավելի բարձր է, քան նախկինում էր հաղորդվում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ըստ նոր հրապարակումների` «Քովիդ-19»-ի հետևանքով ավելի քան 321 000 մարդ է մահացել երկրում: Այդ ցուցանիշով Մեքսիկան բարձրանում է երկրորդ տեղն աշխարհում` զիջելով միայն ԱՄՆ-ին, որտեղ կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 560 հազարը:
Հյուսիսամերիկյան երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը զանգվածային քննադատությունների է ենթարկվում կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարի իր քաղաքականության համար:
Ընդդիմությունը նրան մեղադրում է համավարակի լրջությունը թերագնահատելու և պատվաստման գործընթացը ձգձգելու համար:
Թարմացված տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը, որի հաղորդմամբ` 2021 թվականի առաջին վեց շաբաթվա դրությամբ` արձանագրվել է կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան 294 287 դեպք` նախկինում հաստատված 182 301 դեպքի համեմատ:
Փետրվարի կեսերից ի վեր ավելի քան 26 772 մահվան դեպք է արձանագրվել` ընդհանուր ցուցանիշը հասցնելով 321 000-ի:
Ըստ երկրի պատվաստման ծրագրի շրջանակներում մինչ օրս մոտ 6,1 մլն չափաբաժին պատվաստանյութ է կիրառվել:
ԱՄՆ-ն վերջերս հայտարարել է, որ 4 մլն չափաբաժին պատվաստանյութ կհատկացնի Մեքսիկային և Կանադային:
Կարծիքներ