Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգը։
Ըստ կարգի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսական փոխհատուցում է տրամադրելու «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների կամ «Scimago Journal & Country Ranking» պորտալի`
- բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիաների, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների մասնագիտություններով Q1 քառորդում ընդգրկված,
- իսկ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն Q2 քառորդում ընգրկված բաց հասանելիության (open access) գիտական ամսագրերում գիտական հոդվածների հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար:
Մրցույթի շրջանակում չեն դիտարկվում MDPI, Frontiers և Hindawi հրատարակչություններում ընդգրկված ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքները, 50 և ավելի հեղինակներ ունեցող գիտական աշխատանքները:
Հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար ֆինանսական միջոցների տրամադրման առավելագույն չափը յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար 2,5 միլիոն դրամ է։
Փոխհատուցում կարող է տրամադրվել ամբողջությամբ, մասամբ՝ նշելով գումարի չափը, ինչպես նաև կարող է չտրամադրվել (կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին չբավարարելու դեպքում):
Հրատարակված յուրաքանչյուր գիտական աշխատանք մրցույթին կարող է ներկայացվել մեկ անգամ։ Հայտը ներկայացնում է orgs.hesc.am համակարգով։
Կարգի վերաբերյալ վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-18:00-ն, հեռ.՝ +374 10 210 140 (113):
Կարծիքներ