«Իմ կարողություններն իմ ապագան են»․ մեկնարկել է 6 օրյա ճամբար՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար
Այսօր մեկնարկել է «Իմ կարողություններն իմ ապագան են» կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման մեկշաբաթյա ճամբարը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ճամբարն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող, 2020թ․ ռազմական գործողությունների մասնակից հիսուն երիտասարդների համար։
Ճամբարն իրականացվում է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» համատեղ ծրագրի 3-րդ փուլի շրջանակում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» կողմից։
Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում հիսուն մասնակիցներ հնարավորություն կունենան ծանոթանալ մասնագիտական կողմնորոշման մի շարք գործիքների (տեղեկատվական ծառայություններ, ուղղորդում, հարցազրույցներ մենթորների հետ, ինքնագնահատման գործիքներ, թեստեր), որոնք կներկայացվեն ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի կողմից:
Մասնագիտական կողմնորոշման դասընթացներին կհաջորդի աշխատանքի տոնավաճառը․ գործատուների հետ կազմակերպված հանդիպումները ճամբարի մասնակիցներին հնարավորություն կընձեռեն բացահայտել աշխատանքի տեղավորման հնարավորությունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ողջունել են ճամբարի մասնակիցներին։
«Լինելով նախ աշխատանքի, ապա սոցիալական հարցերով զբաղվող գերատեսչություն՝ նախարարությունը կարևորում է 2020 թ․ ռազմական գործողությունների մասնակիցների կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացումը։ Տեխնոլոգիական մի շարք ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են համաձայնագրեր և աշխատանքներ են իրականացվում վերջիններիս մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման ուղղությամբ»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։
Դեսպան Ջոն Գալագերն իր ելույթում ասել է. «Ես հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ակտիվորեն աջակցում է Հայաստանի հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Այս ծրագիրը կենսականորեն կարևոր դեր է խաղում միջին մասնագիտական կրթական հնարավորություններին աջակցելու և հանրային ծառայությունների հասանելիության բարելավման գործում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ երեք մարզերում, որոնք հատկապես տուժել են հակամարտությունից և ՔՈՎԻԴ-19 համավարակից:
Հատկապես ուրախ եմ, որ այս ծրագիրը միջին մասնագիտական ուսուցում և գործնական աջակցություն կտրամադրի խոցելի մարդկանց, այդ թվում՝ վետերաններին՝ նոր հմտություններ ձեռք բերելու համար: Սա թույլ կտա հակամարտությունից տուժած բնակչությանը գտնել և օգտվել արժանապատիվ, արժեքավոր զբաղվածության հնարավորություններից»:
«Վետերանների ու սահմանամերձ համայնքների վերաինտեգրումը հակամարտության հետևանքների հաղթահարման մարտահրավերներից մեկն է։ Այն պահանջում է բազմաբեվեռային քաղաքականություն՝ արժանապատիվ զբաղվածության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում։ Այսօր, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորման շնորհիվ, ՄԱԶԾ-ն և ԱՍՀ նախարարությունը կարող են ուղղորդել այդ ազգային գործընթացը՝ հաշվի առնելով ՄԱԶԾ լավագույն փորձը հակամարտության հետևանքով տուժած բնակչության (թիրախավորելով վետերաններին) սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ոլորտում»,-ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Կարիերայի ուղղորդման վեցօրյա ճամբարի մեկնարկը «Հակամարտության հետևանքով տուժած բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման և վերաինտեգրման մոդել»-ի (մոդել) գործարկման մի մասն է։ Մոդելի հիմնական նպատակներից է համապատասխան գործիքակազմի տրամադրումն քաղաքականություն մշակող և որոշում կայացողներին, ինչպես նաև տեղական դերակատարներին՝ աջակցելու հակամարտության հետևանքով տուժած բնակչության սահուն մուտքը աշխատաշուկա։
Հիսուն երիտասարդի համար նախատեսված Ճամբարը հիմնավոր հիմք կստեղծի ներկայացված մոդելի մեթոդաբանության առանցքային բաղադրիչների շուրջ հետագա գործնական իրականացման, բարելավման և ողջ երկրով տարածման համար։
Կարծիքներ