Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել թույլ տալ հարվածներ հասցնել ՌԴ-ում գտնվող ավիաբազաներին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոնում նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան հիմնադրամում ունեցած ելույթում ԱՄՆ-ին խնդրել է Կիևին թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ելույթի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։
Զելենսկին հայտնել է, որ մայիս-հունիս ամիսներին ուկրաինացիներին հաջողվել է կասեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը Խարկովում, ինչին օգնել է նաև այն, որ ԱՄՆ-ն թույլատրել է հարվածներ հասցնել ռուսական ուժերին ՌԴ սահմանի հետ ամբողջ երկայնքով։
«Մենք կարող ենք պաշտպանել մեր քաղաքները ռուսական սահող ռումբերից, եթե ամերիկյան ղեկավարությունը մեկ քայլ առաջ անի և թույլ տա մեզ ոչնչացնել ռուսական ռազմական ինքնաթիռները հենց իրենց ավիաբազաներում։ Սա ակնթարթային արդյունք կտա։ Եվ մենք սպասում ենք այս քայլին», - հայտարարել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և դաշնակիցներին լրացուցիչ հինգ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինային տրամադրելու որոշման համար։
Վաշինգտոնը գործընկերների հետ համատեղ հայտարարության մեջ նշել է, որ նոր ՀՕՊ ռազմավարական համակարգերը, որոնք Ուկրաինան կստանա Արևմուտքից, ներառում են ամերիկյան Patriot համակարգեր և իտալական SAMP-T, ինչպես նաև NASAMS, HAWK, IRIS T-SLM, IRIS T-SLS և Gepard մարտավարական համակարգեր։
Կարծիքներ