Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջև ճգնաժամի կարգավորման ուղիները: Ինչպես հաղորդում է 1lurer.am-ը, այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Հանդիպումների ժամանակ նախարարն իր զրուցակիցների հետ քննարկել է այն միջոցները, որոնք հնարավոր կլիներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման և լարվածության թուլացման համար»։
Լը Դրիանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է մոտակա շաբաթների ընթացքում շարունակել քննարկումները, այդ թվում՝ նախարարների մակարդակով: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ը ընդգծել է, որ այս ուղղությամբ իրենց ջանքերը համակարգում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ, որոնք, ինչպես և Փարիզը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան լիովին հավատարիմ է կողմերի միջև բովանդակալից երկխոսության կազմակերպմանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանի կայունացման և տևական խաղաղության հաստատման համար»,- հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև ողջունել է սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սա նախորդ տարվա հակամարտության ավարտից հետո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին ուղիղ շփումն է, որն իր ներդրումն է ունեցել Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման գործում:
Կարծիքներ