Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
Այսօր Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հյուրերի ընտրությամբ սկզբում այցելել են Սևանավանք պատմամշակութային վանական համալիր։ Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այսօր Սևանավանքը Հայաստանի ճանաչված պատմամշակութային և զբոսաշրջային վայրերից մեկն է:
Հյուրերն այցելել են նաև Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր։ Գառնու հեթանոսական տաճարը 2011թվականին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինա Մերկուրի միջազգային մրցանակին:
Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
Գրառման մեջ նաև ասված է.
«Գեղարդում Ուրշկա Կլակոչար Զուպանչիչին պատիվ ունեցա նվիրել ՀՀ կենտրոնական բանկի թողարկած «Սուրբ Գեղարդ» արծաթյա հուշամեդալ։
Ավանդության համաձայն, Գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ պահվել է քրիստոնյա համայնքներում։
Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։
Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում»։
Կարծիքներ