ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ շփումներ են ունեցել
Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ տեսակապով հանդիպում են ունեցել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի տարածած հայտարարությունը։
Հանդիպումը կայացել է ԱՄՆ միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Չարլզ Բրաունիև Չինաստանի նրա գործընկեր, Ժողովրդական-ազատագրական բանակի գեներալ Լյու Չժենլիի միջև։
Ըստ Պենտագոնի՝ երկու ղեկավարները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, միևնույն ժամանակ Բրաունը «վերահաստատել է բանակ-բանակ հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը»։
«Գեներալ Բրաունը քննարկել է մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու, սխալ հաշվարկներից խուսափելու և հաղորդակցության բաց և ուղիղ ուղիները պահպանելու համար համատեղ աշխատելու կարևորությունը»,- ասվում է հայտարարությունում։
Գեներալ Բրաունը հավելել է, որ Ժողովրդական-ազատագրական բանակի հետ առարկայական երկխոսությունը կարևոր է՝ թյուրիմացությունների հավանականությունը նվազեցնելու համար։
Վերջին անգամ ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական գերատեսչությունների նման մակարդակով շփումներ տեղի էին ունեցել 2022 թ. հուլիսին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շփումները վերականգնելու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերել իր Չինաստանի գործընկեր Սի Ծինփինի հետ նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյումկայացած հանդիպման ժամանակ․ երկու ղեկավարների հանդիպումը կայացել էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովի շրջանակներում։
Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև շփումները դադարել էին այն բանից հետո, երբ 2022 թ. օգոստոսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան։
Կարծիքներ