Պնդումները, թե Հայաստանի տարածքում որևէ 3-րդ երկիր ապահովելու է հաղորդակցությունների անվտանգություն, կեղծ են. վարչապետ
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը խաղաղության հիմքերը ստեղծելու համար։
Այս մասին Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի ժամանակ իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ
Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է առնվազն 80-90 տոկոսով։
«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը», - նշել է ՀՀ վարչապետը:
Շարունակելով, նա հայտնել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ կապի ապահովման համար սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ կիրառել:
«Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային վերահսկման մեխանիզմների ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկում՝ հաշվի առնելով մեր երկրների օրենսդրությունն ու ինքնիշխանության նկատմամբ լիարժեք հարգանքը», - ասել էնա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների և խողովակաշարերի անցման առաջարկով և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը։
«Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ Հայաստանն ի վիճակի է և լիարժեք կապահովի իր տարածքով մարդկանց և բեռների փոխադրումների անվտանգությունը: Մենք դա երաշխավորում ենք: Բոլոր պնդումներն առ այն, որ Հայաստանը, իբրև, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը», - ասել է վարչապետը։
Կարծիքներ